Նախագիծ «Կարդում ենք Թումանյան»

Ինքնակենսագրություն
 Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց՝ է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։
Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։
Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ՝ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը՝ ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։
Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։
Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։
Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրուքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։
– «Հասի՛ր, էդ կլեկչուն կանչի՛ր, ամանները տանք, կլեկի»,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ՛, այլ՝ մեր ազգականի փեսա՝ տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։
– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կըլի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։
– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։
Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։
Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքըհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։
Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ՝ սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի՝ չախի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած էրեխային վերցնում էին մեջտեղից։ – «Արի՛»,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…
Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։
Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։
Նա էլ կրկնում է՝ «Ասա՛ այբ»։
– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում «Ասա ա՛յբ»։
– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա ա՛յբ»։
Այս երեխայի բանը հենց սկզբի՛ց վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէ՛ր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։
Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։
Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ՝ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս, Ներսիսյան դպրոց, որ չե՛մ ավարտել։
Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10–11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ – երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.
Հոգո՛ւս հատոր,
Սըրտի՛ս կըտոր
Դասիս համար
Դու մի՛ հոգար.
Թե կա՛ն դասեր,
Կա՛ նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Ի՛մ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում՝
Դաս է սերտում։

Այս ոտանավորը գրված է 1881 կամ 82 թվին։ Չեմ կարող չհիշել, որ այն ժամանակ ոտանավոր էր գրում և՛ իմ փոքր եղբայրը, որ կարդում էր ինձ հետ, և միշտ գտնում էին, որ նա ինձանից լավ է գրում։
Իմ տպված ոտանավորների մեջ ամենավաղ գրածը «Շունն ու Կատուն» է, որ գրել եմ 1886 թվին։ – 1888 թ. ամուսնացել եմ։ Ծառայության եմ մտել մի քանի տեղ, բայց ամեն տեղ էլ չե՛ն հավանել այնպես որ «Պոետն ու Մուզայի» մեջ ուղիղն եմ ասել։ Սկզբնական շրջանում սիրել եմ ռուս բանաստեղծ Լերմոնտովին, ավելի ճիշտը – նրա ա՛յն գործերը, որ սովորել եմ ուսումնարանում։ Բայց, հենց որ ծանոթացել եմ եվրոպական բանաստեղծների և ավելի լայն գրականության հետ, այն օրվանից ինձ համար ամենասիրելին մնում է Շեքսպիրը։

Առաջադրանքներ
1.Թումանյանի հոդվածները Որքանո՞վ են արդիական նրա հասարակական-քաղաքական հայացքներըԿարդացե՛ք Թումանյանի հոդվածներից, ընտրե՛ք մեկը և փորձե՛ք գրախոսելԿա՞ն հարցադրումներ, որոնք Ձեզ նույնպես մտահոգում են կամ հարցադրումներ, որոնք հնացած և ժամանակավրեպ եք համարում:
2. Վիրտուալ շրջայց Թումանյանի տուն-թանգարանում:
3. Կարդա «Փարվանա» ստեղծագործությունը:
4. Կարդա «Թմկաբերդի առումը» պոեմը:
ՆԱԽԵՐԳԱՆՔ
Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
 Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

«Թմկաբերդի առումը» ընթերցել-քննարկելուց հետո
Ի՞նչ է քեզ համար դավաճանությունը:  Մի՞շտ է պետք ներել, թե՞ կան աններելի բաներ: Ինչպե՞ս պետք է վերաբերվել մեր թշնամիներին:

 Դավաճանություն ասելով շատերը միանգամից մտածում են ամուսնական դավաճանության մասին, սակայն մենք դեռևս փոքր ենք և մեզ համար այլ է դավաճանության գաղափարը։ Դավաճանված երբեք չեմ եղել, դրա համար էլ չեմ կարող հստակ ասել, թե ինչ է այն։ Կարծում եմ ամենադաժանը ընկերոջ դավաճանությունն է։ Մարդը ինքը պետք է  զգույշ լինի և այնպիսի մարդկանցով շրջապատված լինի, որպեդզի կարողանա վստալ լինել, որ չեն դավաճանի իրեն։ Իսկ դավաճանած մարդուն ներե՞լ, թե՞ ոչ։ Իհարկե պետք է ներել, քանի որ մենք մարդ ենք և սխալներ շատ ենք անում, սակայն երբ նկատենք, որ այդ սխալները շարունակական բնույթ են կրում և անձը չի փորձում ուղղել իր սխալը, ապա պետք է պարզապես խուսափել: Իսկ թշնամիներ ունենալը սխալ է իմ կարծիքով։ Եվ դավաճանսծ մարդուն չենք կարող թշնամի համարել:

Գաղափար բալլադի մասին: 
 Բալլադը (իտալերեն նշանակում է պարել) չաձփածո ստեղծագործություն է: Միջնադարում բալլադ են կոչվել երգի ու պարի ուղեկցությամբ կատարվող բանաստեղծությունները, իսկ հետագայում նաև մեծ ծավալ ունեցող ստեղծագործությունները: Սրանց հիմքում դրված էր որևէ ժողովրդական ավանդություն, անսովոր մի դեպք, որոնք ունենում են շատ արագ զարգացող ընթացք:
5.Հետազոտական աշխատանքՀայոց պատմության էջերում իրենց բազում սխրագործություններով հռչակված   Մամիկոնյան նախարարական մի ճյուղը` Համազասպյանները, 10-11-րդ դարերում Տարոնից գաղթել և բնակություն են հաստատել Դսեղում և նրա շրջակայքում: 80-90-ականների նրա նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյան — Մամիկոնյան» կնքադրոշմը:
Պատմի՛ր Թումանյանի ընտանիքի մասին, ներկայացրո՛ւ  տեսանյութի միջոցով, լուսանկարների շարքով:
Զարգացման խնդիրը Թումանյանի համար միշտ էլ եղել է կենսական և առաջնակարգ: Ուղևորությունների ժամանակ Թումանյանը առիթ է ունեցել հաղորդակցվելու այդ քաղաքների մտավորականության,  ժողովրդի ներկայացուցիչների հետ:« Վերնատուն» գրական խմբակը:ՊԱՏՄԻ՛Ր ԱՅԴ ՄԱՍԻՆ:
ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՏԵՂԱԴՐԻՐ ԲԼՈԳՈՒՄ:
6. Կարդա՛ Թումանյանի  քառյակները , սովորի՛ր անգիր:
Չարն ու բարին, սերն ու երջանկությունը, իմաստասիրական միտքը Թումանյանի քառյակներում:
Անգիր սովորել
«Թմկաբերդի առումը»- նախերգանք
«Անուշ»-նախերգանք
«Փարվանա»  Էսպես անցան շատ տարիներ… տողից մինչև վերջ
«Հայոց լեռներում»,
«Հայոց վիշտը»
ՊԱՏՄԻ՛Ր, ՎԵՐԼՈՒԾԻ՛Ր, ՆԵՐԿԱՅԱՑՐՈ′Ւ ,ՏԵՂԱԴՐԻ′Ր ԲԼՈԳՈՒՄ:

Հոդվածներ. վերլուծություն, կարծիք

Ղազարոս Աղայան

(Քառասունամյակի օրը)
Այսօր գրական հաղթանակի և փառավոր հիշողությունների օրն է։ Քառասուն տարվա հիշողություններ, որ զարդարում են Ղ. Աղայանին։
Ես էլ, որպես նրա մոտիկներից մինը, ունեմ շատ ու շատ հիշողություններ նրա կյանքից, և հատկապես նրա կյանքի այն ծանր շրջանից, երբ որ նա Լիր թագավորի նման իր օրերի դեմ կարող էր որոտալ՝ ամոթ ձեզ, որ վեր եք կացել այսքան ծեր ու սպիտակ մի գլխի դեմ։
Բայց այդ հիշողություններն այժմ թողնելով, այսօր սիրելի
է ինձ հրճվանքով շեշտել նրա երկու բարձր հատկությունները։
Նա ունեցել է խոր հավատ ու հարգանք դեպի իր գրիչը, գրելը համարել է մի սրբազան արարողություն, գրիչ առնելիս կարողացել է վերանալ, և նրա բանաստեղծական աշխատանքն էլ եղել է միշտ վեհ, իդեալական, մաքուր, մանկական։
Նա երբեք ընկճված չի եղել հոգով և որտեղ հայտնվել է, իր հետ տարել է երիտասարդական թարմություն և բանաստեղծական ոգևորություն։ Նա ոգևորվել է ամեն բանով, ինչ որ լավն է, գեղեցիկ է։
Եվ նրա հրճվանքն ու զայրույթը միշտ եղել են անկեղծ, սրտալի։ Դրա համար էլ նրան շատ են սիրել, սիրել են նույնիսկ այնպիսի մարդիկ, որոնք երբևիցե սխալ են համարել նրան։
Սակայն, այսօր երբ պետք է փառաբանել նրա 40 տարվա գործքերն ու գրվածքները և նրանց վրա ուրախանալ, ես մի տարօրինակ վշտով ափսոսում եմ նրա այն գործքերն ու գրվածքները, որ մնացին անկատար։ Քանի–քանի անգամ նա ոգևորված պատմել է այդ գրելիքների մասին։ Երկար տարիներով սիրած–փայփայած հերոսներ ու գաղափարներ, միշտ պայծառ, միշտ բարի ու սիրուն…
Եվ մի՞թե բոլորը կմնան ծրագիրներ։
  
Վերլուծություն
Հովհաննես Թումանյանը իր այս հոդվածը նվիրել է Ղ. Աղայանի քառասուն ամյակին:  Հոդվածից հասկանում ենք, որ նրանք բավականին մտերիմ են եղել և միմյանց հետ շատ հիշողություններ ունեն: Այստեղ Թումանյանը ներկայացնում է նրա եկու կարևորագույն արժեքների մասին: Առաջինն այն է, որ Աղայանը մեծ հարգանքով է ձեռքն առել գրիչը, գիրչը վերցնելիս վերանում էր , հայտնվում իր աշխարհում: Ասում է նրա աշխատանքները եղել են վեհ, իդեալական, մաքուր, մանկական: Ասում է նաև, որ նա իր ստեղծագործությունների մեջ երիտասարդական թարմություն և ոգևորվածություն էր ավելացնում և երբեք կեղծավոր չի եղել: Հրճվանքը, զայրույթը եղել են միշտ անկեղծ, դա է պատճառը, որ նրան ստեղծագործությունները շատ են սիրել, անգամ այն մարդիկ, ովքեր չէին ընդունում նրան:

Հայոց նոր գրականության հիսնամյակը
1858 թվականին Թիֆլիսում Ներսիսյան դպրոցի տպարանից դուրս եկավ աշխարհաբար մի գիրք «Վերք Հայաստանի, Ողբ Հայրենասերի» վերատառությամբ, շարադրություն Խաչատուր Աբովյանի։ Այս այն երջանիկ գիրքն է, որ հայոց նոր աշխարհիկ գրականության առաջին հիմնաքարն է ընդունված։ Եվ ահա այս տարի լրանում է այդ գրքի տպագրության — հայոց նոր գրականության սկզբնավորության հիսնամյակը։ Մի հոյակապ առիթ՝ մի մեծ համազգային տոն կազմելու, վերարծարծելու, կենդանացնելու շատ նվիրական զգացմունքներ ու գաղափարներ, որոնցով ոգևորվել է, այո՛, ժողովուրդը, և մի ընդհանուր հաշիվ տեսնելու այն գեղեցիկ երկերի ու գործերի, ինչ որ կարողացել է տալ հայի հանճարը էս հիսուն տարում։ Գուցե կարելի կլիներ և արժանավայել ձեռնարկություններով հավերժացնել հայ մտքի այդ տոնը — նորանոր ուսումնարաններ ու գրադարան-ընթերցարաններ բանալ, կենտրոնական համազգային գրադարան կամ թանգարան հաստատել, կամ հիմնել հայոց գրական ֆոնդը, նրանով միանգամ ընդմիշտ վերացնել ամեն մի գրողի հոբելյանին փող հանգանակելու սովորությունը և հոբելյանները վերածել զուտ գրական տոների։
Անշուշտ կլինեն և շատ ուրիշ ձեռնարկությունների առաջարկներ, գուցե և հարկավոր չի դատվիլ կամ գլուխ չի գալ այս ձեռնարկություններից ոչ մինը — այսուամենայնիվ պետք է կատարել այդ մեծ տոնը, որ ինքնըստինքյան կունենա բարոյական ահագին նշանակություն և համատարած հայ ժողովրդի ընդհանուր ոգևորության, լավագույն հիշողությունների ու պայծառ հույսերի օրը կլինի։ Այդ տեսակ օրեր շատ չեն լինում ժողովուրդների կյանքում։ Պետք է տոնել։

Վերլուծություն 
«Հայոց նոր գրականության հիսնամյակը»  վերնագրով Թումանյանը տոնում է հայոց նոր գրականության հիմնադրման հիսնամյակը: Ինչպես գիտենք՝ Խաչատուր Աբովյանն իր «Վերք Հայաստանի» ստեղծագործությունով հայ նոր գրականության սկիզբն ազդարարեց: Նա փոխեց ստեղծագործությունների թեման, հերոսին և լեզուն(աշխարհաբարից՝ քանաքեռի բարբառ): Թումանյանն այստեղ ասում է՝ այդ տեսակ օրեր շատ չեն լինում ժողովրդի կյանքում և պետք է տոնել: Աբովյանի ժամանակաշրջանում երիտասարդությունը հեռացել էր հայ գրականությունից, նախընտրում էր օտարագիրներին. յուրաքանչյուր ստեղծագործություն ուներ առասպելական հերոս, աշխարհաբարով էր գրված: 

 «Դառնացած ժողովուրդ»
Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք էն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. իհարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։
Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։
Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում։
Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը։ Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են։
Բայց, իհարկե, սրանց չպետք է հավատալ, ոչ էլ ականջ դնել։ Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդությունով։
Նայեցե՛ք։
Գյուղացի ռանչպար մարդիկ են, հարևան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռը աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում՝ մյուսը նախանձից հիվանդանում կամ ինչպես իրենք են ասում՝ «արնով է ընկնում»։
Վաճառականներ են, առուտուր են անում, թեկուզ մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը լսելիս քունը կորցնում է ու էնքան էլ իր գործի վրա չի մտածում, որքան նրա հաջողության վրա է դարդ անում, ու տեղն ընկած տեղը ոչինչ չի խնայիլ նրա գործին վնասելու։
Հոգևորական է. ինչքան վարձ ու պատիվ կուզեք տվեք — միշտ դժգոհ է, բողոքում է, գանգատվում է անարդարությունից, և գիտե՞ք էդ անարդարությունը որն է, որ իր ընկերն էլ է նույնը ստանում կամ նա էլ է կարողանում ապրել։
Քաղաքացի թե գյուղացի՝ երկուսը վեճ ունեն իրար հետ։ Ոչ մի դատաստանում չի վերջանում նրանց վեճը, տևում է երկար տարիներ և հաճախ իրենց ամբողջ կյանքն ու կայքը դնում են էդ վեճի վրա, մինչև կարողանում է մեկը մյուսին խեղդել, գետնին հավասարել կամ հենց երկուսն էլ փչանում են։
Մամուլ կա։ Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ, է՛լ չարախոսություն, կեղծավորություն։ Նեղ թայֆականություն հո ոչ մի գյուղում գուցե էնքան անվայել կերպարանք չի առել, որքան սրա մեջ։ Մի հայտնի հրապարակախոս պատմում էր, թե պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե էս կամ էն գրողին, ինչքան էլ լավ գրվածք հրատարակի, միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել, մի խոսքով ամեն կերպ աշխատել սպանել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի։
Էդպես էլ մտեք ազգային, հասարակական, գրական գործիչների մեջ։ Մեկը մյուսի հռչակն ու հաջողությունը տանել չի կարողանում։
Հիմի եկեք ուսուցիչներին տեսեք։ Դասերից ավելի շատ է՛ն աշխատանքի վրա են, որ իրար ոտի տակ փորեն, և շարունակ մի որևէ չնչին դեպք, որ կարելի էր ընկերական շրջանում հեշտ վերջացնել, ազգային հարց դարձրած, տարիներով ձգտում են պաշտոնական ճանապարհով, դատարանով ու մամուլի էջերում մեկը մյուսին անվանարկել, հալածել ասպարեզից ու սպանել բարոյապես… ո՛չ մի մեղմություն, ո՛չ մի ներողամտություն, ո՛չ մի սահման չարությանը։
Ինչո՞ւ է էսպես։
Պարզ հասկանալու համար երևույթի վրա պետք է նայել բնության ու պատմության օրենքների բարձրությունից, էն լայն, խաղաղ ու խոր հայացքով, որ նրանք միայն կարող են տալ։ Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Էսպես է բնության օրենքը։
Էն հասարակ վարունկի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում։ Նրա համար էլ ձեզ թույլ չեն տալ, որ նրա թուփը ոտի տակով անեք։ Էնպես դառնանում ու դաժանանում է և մարդը, նրա հոգին, սիրտը, միտքը, ու ներքին դառնությունը դուրս է տալի, հայտնվում է և՛ աչքերում, և՛ դեմքին, և՛ խոսքերում, և՛ գործերում, ամեն տեղ, ամեն ասպարեզում, ու ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան։ Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն», և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ», և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի։ Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան։ Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչը որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ և մի ժողովուրդ թանկ ու համակրելի։
Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։
Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած։

 

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)