Անդալուսյան պոեզիա
Իսպանիայում արաբական պոեզիան լայնածավալ ու խորը փոխազդեցությունների արդյունք է և համաշխարհային գրականության մեծագույն արժեքներից։ Արաբներն Իսպանիա եկան 8-րդ դարի երկրորդ տասնամյակին և 3 տարվա ընթացքում գրավեցին Պիրենեյան թերակղզու մեծ մասը։ Երկար դարերի ընթացքում արաբ նվաճողները այստեղ բերբերների և արաբականացված վեստգոթերի հետ ստեղծեցին բարձր մշակույթ։ Նվաճողների հետ Իսպանիա թափանցեց նաև արաբական գրականությունը, որի զարգացման ընթացքը բաժանվում է 3 շրջանի՝ «ընդօրինակման», «նորացման» և «անկման»: Այս փուլերը համապատասխանում էին արաբական տիրապետության փուլերին՝ Արաբական խալիֆայությունից կիսանկախ ամիրայություն, անկախ Օմայյան խալիֆայություն, մասնատում և նվաճում։