Դատական իշխանությունը ՀՀ-ում
Դատական իշխանությունը իշխանության ճյուղին է, թևն է
Դատական իշխանության գլխավոր առաքելությունն արդարադատության իրականացումն է: Ընդ որում, արդարադատություն իրականացնելու «մենաշնորհը» պատկանում է միայն դատարաններին: Դատական իշխանությունը բնորոշվում է հետևյալ հատկանիշներով.
-Դատական իշխանությունն իրականացվում է միայն դատարանների կողմից. -Դատական իշխանությունն օժտված է բացարձակ ինքնուրույնությամբ.
-Դատական իշխանությունն իրականացվում է սահմանադրության և օրենքներին համապատասխան.
- Դատական իշխանությունը միասնական է: Դատարաններն անկախ են: Դատարանների անկախությունը դրսևորվում է մի շարք սահմանադրական նորմերով: Օրինակ` արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, կամ դատավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ, երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ, կամ դատավորի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն, դատավորը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ և այլն: ՀՀ-ում գործում են սահմանադրական դատարանը, վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը: Օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ: Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է սահմանադրական դատարանը, մյուս բոլոր հարցերով՝ ընդհանուր իրավասության քրեական, քաղաքացիական, վարչական դատարանները, վերաքննիչ և վճռաբեկ դատարանները: 2015 թ. սահմանադրական փոփոխություններով ստեղծվեց նոր ինստիտուտ` Բարձրագույն դատական խորհուրդը: Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների ու դատավորների անկախությունը: Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է 10 անդամից: Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն 15 տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից: Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատավոր: Նշենք, որ առայժմ բարձրագույն դատական խորհուրդը չի գործում, այն պետք է կազմավորվի հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ և կգործի արդեն հանրապետության նախագահի լիազորությունների ավարտման օրը: Այդ նույն օրը կդադարեցվեն Արդարադատության խորհրդի լիազորությունները:
Comments
Post a Comment