Մայրենի լեզվի օրեր
Նպատակը
Հայերենի տարբեր շերտերին անդրադառնալը
Մայրենի լեզվի պահպանման խնդիրը արժևորելը
Լեզվի զարգացման միտումները ուսումնասիրելը
Լեզուն որպես մշակութային արժեք ընկալելը, պահպանելը, ներկայացնելը
- Հայերենն իր երկու ճյուղերով՝արևելահայերեն և արևմտահայերեն
Արևելահայերենում ուղիղ խնդիր կատարող անձ գոյականները սովորաբար դրվում են սեռական-տրականով, իսկ ոչ անձ ցույց տվողները՝ ուղղական հայցական հոլովներով։
Արևմտահայերենում այդ տարբերությունը բացակայում է, անձ և ոչ անձ ցույց տվող գոյականները ուղիղ խնդիր-հայցականում նման են ուղղական ձևին։
Օրինակ՝ Դավիթը սիրում է ծնողներին/հայրենիքը։ | Դաւիթ կը սիրէ ծնողքը/հայրենիքը։
Արևելահայերենում անձ ցույց տվող գոյականները և ոչ անձ ցույց տվողների մի մասը չունեն ներգոյական հոլով, արևմտահայերենում ներգոյական հոլով չկա։
Եթե արևելահայերենում կրկնակի ստացականը գրականում չի օգտագործվում, արևմտահայերենում ընդունված է կրկնակի ստացականի օգտագործումը (իմ գիրքս, քո տետրդ)։ Կանոնական է համարվում նաև ստացական դերանվան հետ՝ կապի հոդով գործածությունը՝ քո մասիդ, իմ մասիս։
Արևմտահայերենում հոգնակի ստացականը կազմվում է նի մասնիկով և համապատասխան հոդով՝ -ս կամ -դ։ Հոգնակի ստացականի կազմության մեջ որևէ սահմանափակում չկա։ Օրինակ՝ ժամեր-նի-ս, ժամեր-նի-դ, ժամեր-նի-ն։ Մեր գրիչը՝ գրիչնիս, մեր գրիչները՝ գրիչներնիս և այլն։
Անորոշ առումը արևելահայերենում չունի քերականական մասնիկ, բացասական կամ զրո ձևը հենց հակադրվում է որոշյալ առմանը։ մարդ-մարդը
Մի-ն արևմտահայերենում հոդ է և օգտագործվում է հնչյունափոխված ձևով մի>մը։ Եմ օժանդակ բայից և ալ-ից առաջ կարող է գործածվել նաև մըն։ Ձայնավորից առաջ ը-ն սղվում է և դրվում է ապաթարց մ': Մը-ն ունի դիրքային տարբերություն, դրվում է լրացյալից հետո (մարդ մը, գիրք մը):
Մը-ն արևմտահայերենում ունի ավելի լայն կիրառություն։
- Կարող է գործածվել գոյականի հոգնակի թվի հետ՝ մարդեր մը, գրքեր մը։
- Դրվում է ինչպես գոյականների, այնպես էլ այլ խոսքի մասերի հետ՝ գեղեցիկ մը, կամաց մը։
- Կարող է հանդես գալ որպես երանգավորիչ։
- Կարող է ունենալ որոշչային կիրառություն՝ ինչ-որ դերանվան նշանակությամբ։
Մը-ն արևմտահայերենում ունի շատ ավելի մեծ կիրառություն։
Comments
Post a Comment