Ազգային ժողովի կանոնակարգ. Խմբակցությունները

ԳԼՈՒԽ 4 
ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 7.Խմբակցությունների ստեղծումը

 

1. Խմբակցություններն ստեղծվում են նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը` Ազգային ժողովի մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) թվին և անվանումներին համապատասխան:

2. Խմբակցությունում ընդգրկվում են միևնույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով մանդատ ստացած պատգամավորները:

3. Ազգային ժողովի ընտրության արդյունքով մանդատների ընդհանուր թվի ոչ պակաս, քան 54 տոկոսը ստացած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ քաղաքական կոալիցիայի անդամ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ստեղծած խմբակցությունները համարվում են կառավարող, իսկ մյուս խմբակցությունները` ընդդիմադիր:

4. Կառավարության կազմավորման վերաբերյալ հուշագիր ստորագրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ստեղծած խմբակցությունները համարվում են կառավարող, իսկ մյուս խմբակցությունները` ընդդիմադիր:

5. Կառավարող խմբակցության ղեկավարը կամ քարտուղարն Ազգային ժողովի առաջիկա նիստում հանդես է գալիս հուշագրի ստորագրման վերաբերյալ հայտարարությամբ:

6. Եթե կառավարող խմբակցության ղեկավարն Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս Կառավարության կազմավորման վերաբերյալ հուշագրից դուրս գալու վերաբերյալ հայտարարությամբ, ապա այդ պահից խմբակցությունը համարվում է ընդդիմադիր:

(7-րդ հոդ. փոփ. 17.01.18 ՀՕ-50-Ն օրենք)

 

Հոդված 8.Խմբակցության լիազորությունները

 

1. Խմբակցությունն իրավունք ունի Կանոնակարգով սահմանված կարգով`

1) հանդես գալու օրենսդրական նախաձեռնությամբ.

2) Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի նախագիծ.

3) իր առաջադրած օրենքի նախագիծը համարելու առաջնահերթ.

4) քաղաքական կոալիցիա կազմելու այլ խմբակցությունների հետ, ինչպես նաև դուրս գալու կոալիցիայից.

5) մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի իրեն վերապահված պաշտոնում առաջադրելու թեկնածու.

6) Ազգային ժողովի հանձնաժողովում իրեն վերապահված տեղում նշանակելու խմբակցության անդամի, ինչպես նաև նրան փոխելու.

7) առաջադրելու վարչապետի թեկնածու.

8) իրավասու մշտական հանձնաժողովին առաջադրելու թեկնածուներ Ազգային ժողովի կողմից ընտրվող կամ նշանակվող պաշտոններում.

9) առաջադրելու Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու.

10) գրավոր հարցապնդումներով դիմելու Կառավարության անդամներին.

11) ներկայացնելու առաջարկներ Սահմանադրության փոփոխությունների, օրենքի, Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի նախագծի վերաբերյալ.

12) նշանակելու և փոխելու Խորհրդում իր ներկայացուցչին.

13) իր անդամին առաջարկելու միջազգային խորհրդարանական կազմակերպության, ինչպես նաև միջխորհրդարանական հանձնաժողովում Ազգային ժողովի կամ այլ պաշտոնական պատվիրակության կազմում.

14) իր անդամին առաջարկելու Ազգային ժողովի բարեկամական խմբի կազմում.

15) հրավիրելու խորհրդարանական լսումներ.

16) իր անդամին խմբակցությունից հեռացնելու:

2. Իր լիազորություններն իրականացնելիս խմբակցությունն ընդունում է որոշումներ:

3. Խմբակցության որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած խմբակցության անդամների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է խմբակցության անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

4. Ընդդիմադիր խմբակցությունն ունի Կանոնակարգով սահմանված գործունեության երաշխիքներ:

 

Հոդված 9.Խմբակցության գործունեությունը

 

1. Խմբակցությունը գործում է Կանոնակարգին և իր որոշմամբ հաստատված կանոնադրությանը համապատասխան:

2. Խմբակցության կանոնադրությամբ սահմանվում են`

1) խմբակցության անվանումը,

2) խմբակցության անդամների իրավունքները և պարտականությունները,

3) խմբակցության ղեկավարի և քարտուղարի ընտրության կարգը, ինչպես նաև նրանց լիազորությունները,

4) խմբակցության նիստերի գումարման և անցկացման կարգը,

5) խմբակցության որոշումների ընդունման կարգը,

6) խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու ընթացակարգը,

7) խմբակցության կողմից Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի նախագծի ներկայացման ընթացակարգը,

8) խմբակցության կողմից վարչապետի թեկնածուի առաջադրման ընթացակարգը,

9) իրավասու մշտական հանձնաժողովին Ազգային ժողովի կողմից ընտրվող կամ նշանակվող պաշտոններում խմբակցության կողմից թեկնածուների առաջադրման ընթացակարգը,

10) խմբակցության կողմից Կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու ընթացակարգը,

11) հանրաքվեի և Հանրապետության նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով խմբակցության կողմից Սահմանադրական դատարան դիմելու ընթացակարգը,

12) Սահմանադրության փոփոխությունների, օրենքների և Ազգային ժողովի որոշման նախագծերի վերաբերյալ խմբակցության առաջարկների ներկայացման ընթացակարգը,

13) խմբակցության անդամին հեռացնելու կարգը,

14) խմբակցության որոշումների ընդունման ընթացակարգը,

15) խմբակցության գործունեության կարգին վերաբերող այլ դրույթներ:

3. Խմբակցության նիստերը, որպես կանոն, հրավիրվում են Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող շաբաթվա ընթացքում:

4. Պատգամավորը կարող է խմբակցությունից դուրս գալ խմբակցության ղեկավարին ուղղված գրավոր դիմումով կամ Ազգային ժողովի նիստում` այդ մասին հայտարարությամբ հանդես գալով:

5. Խմբակցության գործունեությունը դադարում է, եթե նրա բոլոր անդամները դուրս են գալիս խմբակցությունից, և վերականգնվում է, եթե նրա կազմում ընդգրկվում է դրա իրավասությունն ունեցող առնվազն մեկ պատգամավոր:

 

Comments

Popular posts from this blog

ՄԱՅՐԻԿԻՍ. վերլուծություն

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություն

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա (վերլուծություն)