Հոկտեմբերի 21-25
Առաջադրանք.
1. Ի՞նչ պատմական նշանակություն ունեցավ Քրիստոնեության ընդունումը հայ ժողովրդի կյանքում:
Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ հաղթանակած վերադառնում է Վաղարշապատ՝ վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի Երիզա ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին։ Թագավորի զինակից Գրիգորը հրաժարվում է մասնակցել զոհաբերության արարողությանը, քանի որ քրիստոնյա էր։ Հայոց արքան այդ ժամանակ տեղեկանում է նաև, որ Գրիգորը իր հայր Խոսրովին սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատ Գ-ն հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը, որ սահմանված էր մահապարտների համար։
Գրիգորից բացի Մեծ Հայքում քրիստոնեության տարածմանը և պետական կրոն դառնալուն էապես նպաստել են Հռիփսիմյանց կույսերը: Ավանդության համաձայն՝ նրանք հռոմեացի կույսեր էին, ովքեր հալածվել էին Դիոկղետիանոս կայսեր կողմից և փախել արևելք: Նրանց թվում էին սուրբ Հռիփսիմեն, Սուրբ Գայանեն, Սուրբ Շողակաթը, սուրբ Նունեն և այլք՝ տարբեր տվյալներով մինչև 40 հոգի։ Տրդատը ցանկանում է ամուսնանալ Հռիփսիմե կույսի հետ, սակայն մերժում է ստանում։ Ի պատասխան դրա՝ 300 թվականին հրամայում է բոլոր կույսերին մահապատժի ենթարկել:
Կույսերի նահատակությունից հետո հայոց արքան ջղային ծանր հիվանդություն է ստանում։ Ավանդույթի համաձայն՝ այդ հիվանդությունը որակվում է խոզակերպությամբ։ Թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը, մի քանի անգամ երազ է տեսնում, որ Տրդատին կարող է բուժել միայն Արտաշատում բանտարկված Գրիգորը։ Նրան ազատում են բանտարկությունից և հանդիսավոր կերպով ընդունում մայրաքաղաք Վաղարշապատում։ Գրիգորը նախ ամփոփում է նահատակ կույսերի մարմինները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Տրդատ Գ-ն և ողջ արքունիքը մկրտվում են. քրիստոնեությունը հռչակում է պետական կրոն:
Նոր հիմնադրված քրիստոնեությունը ժողովրդի մեջ տարածելու համար Հայաստանում պետք է ստեղծվեր հոգևորականության համակարգ։ Դասակարգման գագաթին՝ հոգևոր հովիվներից վեր, պետք է լիներ գլխավոր հովվապետը։ Ձեռնադրման համար հայոց եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորիչը հանդիսավորությամբ ուղարկվում է Կապադովկիայի վարչական կենտրոն Կեսարիա քաղաքը, որտեղ ժամանակին կրթություն էր ստացել։ Կապադովկիայի եպիսկոպոսները քաղաքի եպիսկոպոս Ղևոնդի գլխավորությամբ Գրիգորին ձեռնադրում են Հայաստանի եպիսկոպոս։ Մեծ Հայքում նրա օծումը պետք է իրականացներ Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքի Պետրոս եպիսկոպոսը։ Ագաթանգեղոսի վկայությամբ, երբ հայոց քահանայապետը վերադառնում է Վաղարշապատ, Տրդատ Մեծը նրան բազմեցնում է իր արքունիքի երկրորդ գահին։ Գրիգորը հայ եկեղեցու նվիրապետությունը կազմակերպում է ժամանակի պետական վարչական կառուցվածքի համաձայն՝ յուրաքանչյուր նախարարության համար մեկական եպիսկոպոս՝ թվով 36, իսկ ինքը շուտով ստանում է Հայոց Հայրապետ անունը։ Եկեղեցական ժողովներում եպիսկոպոսներից 18-ը նստում էին հայրապետի աջ, և մյուս 18-ը՝ նրանից ձախ կողմերում։ Վաղարշապատում կառուցվում է մայր եկեղեցի, և այն դառնում է հայոց կաթողիկոսանիստը։ Կաթողիկոսն ու թագավորը քանդում են Հայաստանի գրեթե բոլոր հեթանոսական տաճարները. կանգուն են մնում Գառնիի հեթանոսական տաճարը և Նեմրութ լեռան դիցապաշտարանը:
Տրդատին է վերագրվում կաթողիկե եկեղեցու հիմնադրումը Վաղարշապատում։ Նա մահացավ 330 թվականին։ Նրանից մի քանի տարի առաջ Մանեա այրք կոչվող վայրում մահացել էր մենակյացության անցած Գրիգոր Լուսավորիչը
2. Ի՞նչ էին բովանդակում Գահնամակը և Զորանամակը /գրավոր/.
Գահնամակ- հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների ունեցած տեղերի, գահերի կամ պատվաստիճանների հրովարտակ, վավերական ցուցակ։ Նախարարի կամ իշխանի գահը որոշվել է նրա տնտեսական ու ռազմական հզորությամբ, ինչպես նաև հնագույն ավանդական հիմքով։
Զորանամակ- Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ։ Գործադրվել է Մեծ Հայքում մինչև հայ Արշակունի արքայատան անկումը ։ Կազմվել է քառաբաժին բոլորակ աղյուսակի ձևով՝ ըստ Մեծ Հայքի չորս կուսակալ զորավարությունների։ Յուրաքանչյուր բաժնում դասվել են 21 կամ 22 նախարարություն՝ նշելով նրանց յուրաքանչյուրի զորաքանակը։
Հոկտեմբերի 14-18
Հնագույն հին շրջանի ամփոփում /Մաս 1-ին/.
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում
բ/ Բանավոր ստուգում.
Հոկտեմբերի 7-11
Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Վանի թագավորությունում կիրառված գրային համակարգերը.
Վանի թագավորությունում լայն կիրառություն են ունեցել սեպագիր համակարգերը: Սարդուրի I արքայի օրոք կանգնեցվել են ասորեստանյան սեպագրով և ասուրերենով գրված արձանագրություններ: Այդ արքայից հետո ասուրերենով բնագրերը հանդիպում են Բիայնիլի-Ուրարտուի արքաների երկլեզու կոթողներում, ինչպես նաև Արդինի-Մուսասիրում: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հայաստանյան տիրակալների թողած ասուրերեն արձանագրություններում կիրառված են որոշակի թվով նշաններ, որոնք չեն հանդիպում տեղական սեպագիր հուշարձաններում:
Իշպուինի արքայի օրոք միջագետքյան սեպագրության բարեփոխմամբ ստեղծվեց տեղական սեպագրային համակարգը , որով մեզ են հասել շուրջ 600 մեծ ու փոքր արձանագրություններ: Իշպուինիի օրոք կատարվեց իր ընդգրկմամբ և որակով հայաստանյան մինչմաշտոցյան իրականության մեծագույն գրային բարեփոխումը, որի էությունը հետևյալն է: Ասուրաբաբելոնյան սեպագրությունը բաղկացած էր շուրջ 600 նշանից, որոնցից յուրաքանչյուրն ուներ մի քանի, երբեմն 10-ից ավելի տարբեր ընթերցում: Ընդհանուր առմամբ, արտահայտվում էին շուրջ 3000 վանկ և բառ: Բիայնական սեպագրությունը վերցրեց շուրջ 200 նշան, որոնք հիմնականում ունեին մեկ ընթերցում և հազվադեպ էին հանդիպում երկու կամ երեք նշանակությամբ: Բիայնական կոթողային ոճի սեպանշանները կառուցվածքով գրեթե նույնանում են նոր ասուրական նշաններին, ինչի հիման վրա էլ ընդունված է կարծել, թե այդ ոճը փոխառվել է Միջագետքից նոր ասուրական ժամանակաշրջանում: Տարբերությունը, հիմնականում, նշանների արտաքին տեսքի մեջ է: Ասուրական սեպանշաններն մեխեր էին հիշեցնում, մինչդեռ բիայնական կոթողայինում եռանկյունիներ էին, և եթե միջագետքյանում նշաններն ունեին հատումներ, ապա բիայնականում հատվող գծիկը փոխարինվում էր երկու նոր սեպերով: Որոշ դեպքերում թեք սեպիկները վերածվում են հորիզոնականի և ընդհակառակը: Մի քանի նշաններ հանդես են գալիս ասուրաբաբելոնյան սեպագրության մեջ չվկայված նշանակությամբ:
2. Թվարկե՛ք Հայոց դիցարանի աստվածներին և նրանց պաշտամունքի կենտրոնները.
Հայոց դիցարանը ղեկավարում է գերագույն եռյակը՝ Արամազդը՝ աստվածների հայրը, երկնքի ու երկրի արարիչը, լիություն, բարություն և արիություն պարգևողը , Անահիտը՝ արգասավորության, պտղաբերության մայր դիցուհին , Վահագնը՝ պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածը: Գլխավոր աստվածություններից է Աստղիկը՝ սիրո և գեղեցկության, երկնային լույսի և ջրի դիցուհին:
Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստնության, ողջախոհության և ռազմի աստվածուհին: Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ: Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում էր՝ Անահիտի տաճարի մոտակայքում: Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նաև նանե, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի և ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին:
Արեգակի, կրակի ու լույսի, մաքրության ու ճշմարտության աստվածը Արեգ-Միհրն է: Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է. վկայակոչվում են չարը խափանելու նպատակով: Միհրի գլխավոր տաճարը Դերջան գավառի Բագառիճ ավանում էր: Նրան է նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը: Միհրի անունից է ծագել հայոց հեթանոսական սրբավայրերին տրվող ընդհանուր՝ մեհյան անվանումը, ինչպես նաև բազմաթիվ հայկական և օտար անձնանուններ՝ Միհրան, Միհրդատ, Միհրներսեհ, Մեհրուժան և այլն: Միհրի աստվածության հետագա վիպական մարմնավորումները «Սասնա ծռեր» էպոսի Մեծ և Փոքր Մհերներն են:
Դպրության, պերճախոսության, գիտությունների և ուսման, արվեստների հովանավոր աստվածը Տիրն է՝ Արամազդի ատենադպիրն ու սուրհանդակը: Համարվել է մարդկանց ճակատագրերի գուշակն ու երազների մեկնիչը, նրանց չար ու բարի գործերի գրառողը: Նրան նվիրված գլխավոր տաճարը հին Արտաշատի մերձակայքում էր՝ Երազամույն վայրում, և կոչվել է Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան: Տիրին անվանել են նաև Երազացույց ու Երազահան: Տիր աստծու անունից են ծագել մի շարք անձնանուններ և տեղանուններ , ծիածանի՝ Տիրական կամ Տրական գոտի անվանումը և այլն:
Վանատուրը հին հայերի դիցարանում հյուրընկալության աստվածն է՝ պանդուխտների, օտար ճամփորդների հովանավորը, նրանց ապաստան ու օթևան տվողը: Վանատուրի տոնը նշել են հին հայոց տարեգլխի՝ Ամանորի առաջին օրը, որի համար հաճախ նրան անվանել են նաև Ամանորի դից, նույնացրել Նոր տարին անձնավորող Ամանոր աստծու հետ:
Սեպտեմբերի 30-Հոկտեմբերի 4
1. Ընտրե՛ք Արշակունի նշված արքաներից մեկին և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք նյութ նրա մասին՝
-Տրդատ 1-ին
-Վաղարշ 1-ին
-Վաղարշ 2-րդ
-Խոսրով 1-ին
-Տրդատ 3-րդ
Վաղարշ 2-րդ (ծն. թ. անհայտ – մոտ 198),
Հռոմի դրածո Սոհեմոսի մահից հետո, օգտվելով կայսրության ներքին գահակալական կռիվներից, Վաղարշ Բ երկրից դուրս է քշել հռոմեական կայազորը և հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ 193–ին Վաղարշ Բ հրաժարվել է օգնել Հռոմի արևելյան զորքերի հրամանատար և կայսերական գահի հավակնորդ Նիգերոսին, իսկ վերջինիս պարտությունից հետո բանակցել Սեպտիմիոս Սևերոս կայսեր հետ և կանխել նրա ներխուժման վտանգը։ Հայերին սիրաշահելու և հայ–պարթևական հնարավոր դաշնակցությունը կանխելու նպատակով, կայսրը բարեկամության դաշնագիր է կնքել Վաղարշ Բ–ի հետ, ըստ որի, Մեծ Հայքից դուրս են բերվել հռոմեական զորքերը, Հռոմը պարտավորվել է ամենայն դրամական գումար վճարել հայկական հեծելազորին՝ կովկասյան լեռնանցքները հրոսական ցեղերի ներխուժումից պաշտպանելու համար։ Վաղարշ Բ–ի խոհեմ արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է Մեծ Հայքի անկախությանը, ի դեմս նրա, հիմնվել է հայ Արշակունիների ինքնուրույն և ժառանդական արքայատունը։ Վաղարշ Բ նետահար զոհվել է Կովկասի լեռնաբնակների դեմ հաղթական կռիվներից մեկում։
Comments
Post a Comment